ԱԶԳԱՆՎԵՐԸ
Հիմա կշարադրեմ այն գլուխը, որի համար առհասարակ նախաձեռնեցի Տ. Քելեկյանի մասին գրել: Խոսքը ազգային հոգսի, կարիքի և անհատի հարստության փոխկապակցությանն է վերաբերում:
Հարու՞ստ մարդ էր Տ. Քելեկյանը: Անկասկած, այո: 1920-ական թթ., երբ գտնվում էր միջազգային հեղինակություն ձեռք բերելու կես ճանապարհին, Փարիզի Շանտիյի արվարձանում ուներ ախոռ, որի ձիերը մասնակցում էին մրցարշավների ու հաճախակի մրցանակներ շահում: Ախոռ, մրցաձի ունենալը հարստության նշան էր, բարձրաշխարհիկ հասարակություն մուտք գործելու արտոնագիր:
Հայերիս մեջ մշտապես եղել են, կան ու կլինեն մեծահարուստներ: Ամբողջ խնդիրն այն է, թե մարդ իր վաստակածն ինչի վրա է ծախսում՝ զուտ անձնական վայելքների՞, թե՞ նաև ազգի, պետության, հասարակության շահի: Տ. Քելեկյանն ընտրեց երկրորդ ուղին, որովհետև թեպետ նրա առջև փռված էին աշխարհի մայրաքաղաքները, սակայն երակներում հոսում էր կեսարացի հայ մարդու արյունը:
1906 թ. Պողոս Նուբարի շնորհիվ Կահիրեում ստեղծվեց Հայկական բարեգործական ընդհանուր միությունը (ՀԲԸՄ), և Տ. Քելեկյանի ողջ ազգասիրական գործունեությունը կապվեց այդ եզակի կազմակերպության ու նրա երջանկահիշատակ հիմնադիրների և առաջամարտիկների հետ:
1909 թ. թուրքերը Կիլիկիայում կոտորեցին 30 հազար հայի, և անտեր մնացին հարյուրավոր որբուկներ: Ազգային մարմինները բացեցին մի քանի որբանոցներ. մեկը՝ թուրքերն Ադանայում, երկուսը՝ գերմանացիները Հարունիեում (դոկտոր Յ. Լեփսիուսի ջանքերով) ու Մարաշում:
1910 թ. Տ. Քելեկյանը Փարիզից ՀԲԸՄ Կահիրեի կենտրոնակայան փոխանցեց 2420 եգիպտական ֆունտ կամ 12100 դոլար, որբանոց բացելու նպատակով: (Արդի ընթերցողին կոչ կանեմ ներկայիս չափանիշներով չվերաբերվել այդ գումարին. փողի անվանական միավորը մի բան է, գնողունակությունը՝ այլ): Ազգային հոգսի հանդեպ ինչպե՞ս և ինչու՞ բռնկվեց ձեռք մեկնելու կայծը, չգիտեմ, դա անբացատրելի բան է:
ՀԲԸՄ վարչությունը Տ. Քելեկյանին հռչակեց բարերար-անդամ և անհապաղ անցավ գործի: 1911 թ. Կիլիկիայի զովաշունչ ու բարեբեր Դորթ-Յոլ բնակավայրի մոտ բացվեց «Քելեկյան» որբանոցը կամ ավելի ճիշտ՝ գիշերօթիկ վարժարանը՝ 100 տղաների համար: Դա երկհարկ մեծ շինություն էր, որի առաջին հարկում գտնվում էին դասարաններն ու ճաշարանը, երկրորդում՝ երեխաների ննջարանը, հիվանդասենյակները, ուսուցիչների ու տնօրենի առանձնասենյակները: Սաների սնունդը, հագուստը, կրթական ծախսերը հոգում էր ՀԲԸՄ-ն, բայց դա չի նշանակում, թե հիմնադիր Տ. Քելեկյանը ձեռքերը լվացել էր: Բարեգործականի բարերար-անդամը պարտավոր էր ոչ միայն ամեն տարի զգալի գումար տրամադրել, այլև մասնակցել ՀԲԸՄ վարչության նախաձեռնած բոլոր հանգանակություններին. Տ. Քելեկյանն այս ամենի անքակտելի մաս կազմեց մինչ ի մահ:
Պատերազմն սկսվելուն պես «Քելեկյանը» փակվեց, որբերն անհետացան ցեղասպանդի ճամփեքին, շենքը բռնագրավեցին թուրքական զինվորական իշխանությունները:
Որբանոցը վերաբացվեց 1919-ին, որպես 200 ծնողազուրկների գիշերօթիկ կրթարան, իսկ «Քելեկյանի» մոտ կառուցվեց երկհարկ «Սիսուան» որբանոցը՝ 200 աղջնակների համար:
1921 թ. հունիսին Կիլիկիո Սահակ կաթողիկոսն այցելեց որբանոց ու գրեց. «Օրհնութիւն Քէլէկեանին, որ տնկեաց, վեհանձնութեան Բարեգործականին, որ հանապազօրեայ ջուրն տայ և օրհնութիւն պաշտօնէութեան, որ արթուն ու զուարթուն, անխոնջ և անքուն, որ ջերմ ու գուրգուրալից սիրով կը հսկէ ազգի նուիրական բեկորները պահել անբիծ և անաղարտ, ու պատսպարել Հայ հոգիով, Հայ սրտով և ազնուագոյն նկարագրով օգտակար անդամներ Ազգին և Եկեղեցիին: Եւ բիւրուցս փառք Բարձրելոյն, որ աճեսցուցանէ»:
Նույն թվականին վրա հասավ Մուստաֆա Քեմալի ժամանակը, ինչ կիսատ էին թողել իթթիհատականները, ավարտին հասցրեց նա: Քեմալականները բռնագրավեցին երկու որբանոցների շենքերը, և ՀԲԸՄ-ն ստիպված եղավ որբերին տեղափոխել Բեյրութ, տեղավորեց մի շինության մեջ՝ կրկին «Քելեկյան» անվամբ, որն առաքելությունն ավարտեց 1932-ին, երբ որբերն արդեն հասակ էին առել ու ոտք դրել ինքնուրույն կյանքի ասպարեզ:
1929 թ. Տ. Քելեկյանը կատարեց ևս մեկ խոշոր բարերարություն:
1879 թ. Կ. Պոլսում հիմնվել էր Դպրոցասեր տիկնանց ընկերությունը, որն ուներ իգական վարժարան ու զբաղվում էր հայ կանանց շրջանում լուսավորություն տարածելով: Հիմա ես ավելի մանրամասն չեմ խոսի 140-ամյա այդ հնագույն վարժարանի մասին, որն այսօր էլ կիսամասնավոր պետական հայ-ֆրանսիական լիցեյի կարգավիճակով գործում է Փարիզի Ռենսի արվարձանում և, ցավոք, կորոնավիրուսի պատճառով հայտնվել է աննախանձելի ֆինանսական դրության մեջ: Կասեմ միայն, որ Ցեղասպանության պատճառով Դպրոցասերը 250 որբուհիներով անցավ Հունաստան, այնտեղից էլ 1928-ին՝ Ֆրանսիա:
Հայեցի կրթություն տվող այդ վարժարանի սանուհիների և ուսուցիչների պահապան հրեշտակ դարձավ Տ. Քելեկյանը: Նա 350 հազար ֆրանկով գնեց մի առանձնատուն և նվիրեց Դպրոցասերի վարժարանին, իսկ դպրոցի կառավարումը հանձնեց ՀԲԸՄ-ին: Այդ բարեսիրական ձեռնարկի համար նա ընտրվեց ՀԲԸՄ փոխնախագահ, իսկ ֆրանսիական կառավարությունը պարգևատրեց Պատվո Լեգեոնի շքանշանով:
1949 թ. Տ. Քելեկյանը Նյու Յորքից ժամանեց Փարիզ, բնականաբար այցելեց «հոգեզավակին»՝ վարժարան ու նվիրաբերեց 100 հազար ֆրանկ, ինչպես նաև իր կիսանդրին, որ հեղինակել էր Հակոբ Գյուրջյանը:
Վերոշարադրյալ երկու խոշորագույն բարեգործություններից զատ, Տ. Քելեկյանն իրականացրեց մի քանի «մանր-մունր» բարեսիրական ձեռնարկներ:
Այսպես, 1912 թ. նա այցելում է Երուսաղեմ ու տեսնելով Սբ Հարություն եկեղեցու մահմեդական դռնապանի նոր կառուցվելիք տան հիմքից 1894 թ. հայտնաբերված գեղակերտ ու թանկագին խճանկարը, 250 օսմանյան ոսկով գնում է այն ու ցանկանում, որ փոխադրվի Սբ Հակոբա վանք: Միաբանությունը, սակայն, հարմար է համարում խճանկարը թողնել տեղում ու 355 ոսկով գնում է տան ամբողջ հարկաբաժինը:
Երբ 1919-ին ողբացյալ Կոմիտասին Կ. Պոլսից տեղափոխեցին Փարիզ, շարժում սկսվեց նրա պահման ծախսերը հոգալու համար: Հանգանակության կոչին առաջին արձագանքողներից մեկը եղավ Տ. Քելեկյանը, որը տրամադրեց 500 ֆրանկ:
Նա առանձնակի հոգատար վերաբերմունք ուներ հայ արվեստագետների, մտավորականների նկատմամբ: Յոթ-ութ տարի շարունակ ամսական 100 ֆրանկ էր հատկացնում Ա. Չոպանյանի «Անահիտ» ամսագրի հրատարակման համար, նրա ֆինանսական աջակցությամբ Ա. Չոպանյանը լույս ընծայեց «Նաղաշ Յովնաթան աշուղը եւ Յովնաթան Յովնաթանեան» պատկերազարդ գիրքը:
Նա առաջին գնահատողն էր նկարիչ Էդգար Շահինի ու քանդակագործ Հակոբ Գյուրջյանի արվեստի, որոնց աշխատանքները գնում էր, ցուցադրում իր վաճառասրահներում, դրանով հանդերձ նրանց ճանաչում բերելով:
Ի վերջո, 1936 թ. Տ. Քելեկյանը գնեց ու Երևանի պետական պատկերասրահին նվիրեց սփյուռքահայ նկարիչների 18 ստեղծագործություն:
Կարծում եմ, ընթերցողին կհետաքրքրի նաև Տ. Քելեկյանի ընտանեկան կյանքը: Նա ամուսնացել էր Կեսարիայի հայտնի Գյումշյան գերդաստանի դուստր, գեղեցկուհի Մարգարտի հետ և ուներ երկու զավակ: Առաջնեկը՝ Շառլը (կամ Չառլին), ծնվել էր 1899 թ. Մարսելում, դուստր Ադին՝ 1903-ին Փարիզում:
Զավակները, ավաղ, չշարունակեցին իրենց հռչակավոր հոր գործը:
Տ. Քելեկյանի ողբերգական մահից անմիջապես հետո՝ 1951 թ. փետրվարի 3-ին, Փարիզում հրատարակվող «Այսօր-Ապագայ» թերթը լույս տեսավ «Ժառանգը» վերնագիրը կրող առաջնորդողով: Թեև ոչ մի անուն հիշատակված չէր, բայց հոռետեսական ակնարկ կար. «Յաճախ դիտուած է որ մեր մէջ մեծ դէմքերը իրենց յաջորդները չեն ունենայ իրենց զաւակներուն մէջ, բացառութիւնները յարգելով:
Ասոր պատճառները քննել չէ որ կ՛ուզենք: ՈՒրիշ ժողովուրդներու մէջ սերունդէ սերունդ նոյն անունը և նոյն գործը կը շարունակուի յաճախ, երբեմն հետզհետէ աւելի փայլ ու հռչակ ստանալով: Մեր մէջ մատի վրայ կը համրուին այդպիսիները»:
Ո՞րն էր այս դառն արձանագրման պատճառը: Ըստ իս այն, որ Շառլ Քելեկյանն ամուսնացել էր օտարազգիի հետ, որդեգրել կնոջ առաջին ամուսնությունից երեխային և ոչ միայն հոր գործունեությամբ հետաքրքրված չէր, այլև երբևէ առնչություն չէր ունեցել ազգային որևէ կառույցի հետ: Նույնը վերաբերում էր դստերը, որն ԱՄՆ-ից տեղափոխվեց Շվեյցարիա՝ նկարչություն սովորելու և անհայտ ճակատագիր ունեցավ:
Այս ամենը շատ տխուր խորհրդածությունների տեղիք էր տալիս:
Անհայտ է Տիգրան Քելեկյանի ինքնասպանության պատճառը, բայց քաջ հայտնի է Հայոց եկեղեցու վերաբերմունքն առ ինքնասպան անձինք՝ նրանք երկնքի արքայության չպիտի արժանանան, որովհետև ինքնասպանություն գործելը մեծագույն մեղքերից է, երբ անձն ինքնասպանության միջոցով իր հոգին հեռացնում է մարմնից: Դա էր պատճառը, որ նրա հուղարկավորության մասին բոլորը լռեցին, մամուլը ոչ մի խոսք չտպագրեց:
Եվ ահա ՀԲԸՄ պաշտոնական օրգան «Միութիւն» շաբաթաթերթը 1951 թ. ապրիլի թիվ 265 համարում տպագրեց «Հոգեհանգիստ ողբ. Տիգրան Խան Քէլէկեանի» մի փոքրիկ, բայց վերին աստիճանի ուշագրավ տեղեկատվություն, որն ուզում եմ մեջբերել ամբողջությամբ. «Միութեան Կեդր. Վարչութեան կարգադրութեամբ, Ծաղկազարդի օրը, մարտ 18-ին ողբ. Տիգրան Խան Քէլէկեանի մահուան քառասունքին առթիւ հոգեհանգստեան պաշտօն մը կատարուեցաւ Ս. Խաչ եկեղեցիին մէջ:
Օրուան պատարագիչը՝ Առաջնորդ Գերշն. Տ. Տիրան եպիսկոպոս, իր քարոզին մէջ անդրադարձաւ ՀԲԸ Միութեան մեր կեանքին մէջ կատարած դերին ու հանգուցեալին ազգասիրութեան ու բարեգործութեանց: Ապա, յաւարտ պատարագի, իր նախագահութեամբ և Գերշն. Տ. Տիրայր արքեպիսկոպոսի ևս մասնակցութեամբ, տպաւորիչ կերպով կատարուեցաւ հոգեհանգստեան արարողութիւնը: Օրուան տօնին առտիւ եկեղեցին լեցուն էր խուռն բազմութեամբ, որ ներկայ եղաւ նաև հոգեհանգստին: Մասնաւորապէս ներկայ էին ՀԲԸ Միութեան Կեդր. Վարչութեան, Ամերիկայի Կեդր. Յանձնաժողովի անդամներ և պաշտօնեաներ, ինչպէս և հանգուցեալին յիշատակը յարգող ազգականներ ու բարեկամներ:
ՀԲԸ Միութեան Թէհրանի մասնաճիւղը կը հաղորդէ թէ ինք ևս հոգեհանգիստ կատարել տուած է ողբ. Քէլէկեան Խանի համար փետր. 11ի կիրակի օրը, տեղւոյն Ս. Աստուածածին եկեղեցիին մէջ, և այս առթիւ օրուան պատարագիչը՝ Տէր Յովհաննէս աւագ քհնյ. Հաճեան, իր քարոզին մէջ երկարօրէն ծանրացած է հանգուցեալին ազգային ծառայութեանց և զոհաբերութեանց վրայ»:
Ի՞նչ էր սա նշանակում: Արդյո՞ք Թեհրանի ու Նյու Յորքի հոգևոր առաջնորդները խախտել էին եկեղեցու հիմնարար կանոնը՝ ենթարկվելով ՀԲԸՄ կենտրոնական վարչության կարգադրությանը:
Կարծում եմ, որ մեր եկեղեցին, եթե անգամ հոգեհանգիստ մատուցելով շեղում էր թույլ տվել, այդուհանդերձ կատարել էր մարդասիրական մեծագույն քայլ: Հետմահու հարգանք էր մատուցվել մի մարդու, ով իր գործով թե պատիվ էր բերել սեփական ժողովրդին, թե իր անձնական լուման էր ներդրել ազգի գանձանակում:
Այդպիսի մարդիկ չեն մոռացվում…
Խաչատուր ԴԱԴԱՅԱՆ